Աղբիւր՝ www.yerkirmedia.am

 

Համաշխարհային լսարան ունեցող, իրանական անգլալեզու միջազգային Press TV հեռուստաընկերութեան եթերում օրերս հայկական համայնքն էր՝ այս երկրում իր պատմական ներկայութեան մասին վկայող յուշարձաններով, հասարակական-քաղաքական կեանքում ունեցած ներդրումներով:

Հեղինակն իր պատմութիւնը սկսում է Սպահանի՝ Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկչեան վանքի հայկական եկեղեցուց, որն իր հրաշալի ճարտարապետութեան ու որմնանկարների շնորհիւ քաղաքի ամենայայտնի եւ ամենաշատ այցելուներ ունեցող վանքն է:

«Սպահանի մեր եկեղեցիների գմբէթների ճարտարապետութիւնը բացառիկ է: Մահմեդականների նկատմամբ ունեցած յարգանքի շնորհիւ այդ դարաշրջանի ճարտարապետները պահպանել են որոշակի ներդաշնակութիւն եկեղեցիների եւ մզկիթների միջեւ»,- նշում է Սպահանի հայոց թեմի թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը:

Հաղորդման հեղինակն հեռուստադիտողի ուշադրութիւնն է հրաւիրում վանքի տարածքում գտնուող յուշահամալիրի վրայ, որը նուիրուած է Թուրքիայում 1915 թուականի Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին, գրադարանին եւ թանգարանին:

«Այս փոքրիկ թանգարանում դուք կարող էք տեսնել այն, ինչ չէք տեսնի արեւելքի որեւէ այլ թանգարանում»,- ասում է հեղինակը՝ ցուցանելով Իրանում լոյս տեսած առաջին գիրքը, որ[ի պատճէնահանւած օրինակը] այստեղ է պահւում:

Հայերը միշտ ակտիւ դերակատարութիւն են ունեցել Իրանի հասարակական կեանքում: Այս յուշարձանը նուիրւում է այն քաջ հայ զինուորներին, որոնք իրանցի եղբայների հետ զոհուել են իրան-իրաքեան պատերազմում:

«Պատերազմի ընթացքում զինուորների հեռանալու թոյլտուութիւնը չեղեալ էր յայտարարուել: Նոյնիսկ իմ հրամանատարին թոյլ չտուեցին հեռանալ: Բայց նա ինձ կանչեց եւ ասաց, որ հեռանալը քո իրաւունքն է, կարող ես Ամանորն ընտանիքիդ հետ անցկացնել: Տղաներին լքելը, ի հարկէ, շատ դառն էր: Բայց միւս կողմից հաճելի էր նորից տեսնել ընտանիքիս»,- յիշում է պատերազմի վետերանը:

Ըստ հեղինակի, կրօնական փոքրամասնութիւնները միշտ յարգուած են եղել Պարսկաստանում: Որպէս դրա վկայութիւն՝ ցուցադրւում են կադրեր Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլայ Խամենէիի այցից որդուն կորցրած հայ ընտանիքին:

Հայերն ակտիւ են Իրանի նաեւ քաղաքական կեանքում: Խորհրդարանում հայ պատգամաւորները երկուսն են:

«Հայերն ապրում են Իրանում՝ օգտուելով հասարակական եւ քաղաքական յատուկ իրաւունքներից: «Ալիքը» հայկական քաղաքական-հասարակական օրաթերթն է, որն Իրանում լոյս տեսած 2-րդ թերթն է»,- նշում է Իրանի խորհրդարանի պատգամաւոր Կարէն Խանլարեանը:

Մինչ Ամանորի եւ Սուրբ ծննդեան մաղթանքներով հաղորդումը եզրափակելը՝ հեղինակը շտապում է Թեհրանի հայկական անկիւններից մէկը՝ տօնական քաղցրաւենիքները ճաշակելու: